ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում լիթիումի մեծ հանքավայրեր են հայտնաբերվել։
Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության հանքարդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Էբրահիմ Ալի Մոլաբեյգին։
«Ժամանակակից աշխարհում այս ռազմավարական և արժեքավոր մետաղը մեծ նշանակություն ունի տեխնոլոգիաների զարգացման համար։ Այս հանքանյութը սովորաբար լինում է կավե տեղանքում, ինչը հայտնաբերված պաշարը եզակի է դարձնում ամբողջ երկրի համար»,-հավելել է նա։
Մոլաբեյգին մատնանշել է լիթիումի սահմանափակ պաշարներն աշխարհում՝ ասելով, որ այն մեծ պահանջարկ ունի էլեկտրական մարտկոցների արտադրության, այլ առաջադեմ արդյունաբերության, պաշտպանական արդյունաբերության և ռազմավարական համաձուլվածքների արտադրության մեջ:
Նրա խոսքով` Համադանի նահանգում (երկրի արևմուտքում) գտնվող հանքավայրում լիթիումի պաշարները գնահատվում են մոտ 8,6 մլն տոննա։
Նշենք, որ լիթիումի նշանակությունն աշխարհում աճում է, քանի որ անցում է կատարվում դեպի էլեկտրական մեքենաներ և այլ ժամանակակից արդյունաբերություններ: