Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. Լավրով

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները շուտով կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին։ Հուսով ենք, որ առաջիկայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները` որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ տրանսպորտային ուղի է կառուցվելու Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։