ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումներն աճել են 54 տոկոսով. քաղավիացիայի կոմիտե

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մի շարք հանձնարարականեր է տվել ավիացիայի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. 2023-ին կանխատեսվում է, որ Հայաստանում գործող օդանավ շահագործողի վկայական կրող ավիաընկերությունների թիվը կհասնի 11–ի։ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ դրանց թիվը 9 է, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ են: Այս մասին այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում զեկուցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով 2022 թվականի գործունեության հաշվետվությանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունները 2022թ.–ի դրությամբ նույնպես 9–ն են: ՀՀ և ՀՀ–ից չվերթներ են իրականացնում 35 ավիաընկերություններ՝ 45 ուղղություններով: Հայաստանից կանոնավոր թռիչքներ իրականացվում են շուրջ 23 պետություն՝ 45 քաղաք»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Քաղավիացիայի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը
Ըստ զեկույցի` ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) աճել է 54 տոկոսով։ 2021թ.-ին եղել է 2 մլն 400 հազար 351 ուղևորափոխադրում , 2022-ին դրանց թիվը հասել է 3 մլն 698 հազար 256-ի։
Ընդհանուր ուղևորափոխադրումների 25 տոկոսն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից:
Տեղական ավիաընկերություններով ուղևորափոխադրումները 2021թ.–ին եղել է 269 հազար 087, իսկ 2022-ին՝ 916 հազար 257։
Ինչ վերաբերում է ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումներին , ապա 2021թ.–ին եղել է 17 հազար 321, իսկ 2022-ին՝ 23 հազար 341:
Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:
ՀՀ վարչապետին մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» և «Սյունիք» օդանավակայանների, ինչպես նաև ՀՀ օդանավ շահագործող ընկերությունների վերաբերյալ:
«Շարունակվում են հետևողական աշխատանքները Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սև ցուցակից» դուրս գալու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հայկական ավիաընկերությունների վերասերտիֆիկացում, մասնագետների վերապատրաստում և մի շարք այլ գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ավիացիայի ոլորտի զարգացման կարևորությունը և նշել վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետ ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով, տրվել են մի շարք հանձնարարականներ: