ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը։
Փետրվարի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ։
Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ինչպես է Երևանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։
«Թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, կողմերի միջև առկա է երկխոսություն տարբեր մակարդակներում և հարթակներում: Մասնավորապես` պարբերական են ԱԳ նախարարների հանդիպումները ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ այլ շրջանակներում, և փետրվարի 19-ի հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ համատեքստում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բացի այդ,ընդգծվել է, որ Կոսովոն անդամակցում է մի շարք միջազգային կառույցների (Համաշխարհային մաքսային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որոնց անդամ է նաև Հայաստանը։
Նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կոսովոն ունի ասոցացված անդամի կարգավիճակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի դիրքորոշումը Կոսովոյի անկախության ճանաչման առնչությամբ անփոփոխ է»,- նշված է հարցման պատասխանում։
Նշենք, որ Արարատ Միրզոյանի և Դոնիկա Գյորվալա-Շվարցի ևս մեկ հանդիպում տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։