ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը բավականին կարճ է տևել՝ մոտ 1 ժամ:
ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է խոսելու, ինչի վերաբերյալ է ելույթ ունենալու հիմնականում և այլն. իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին:
Ըստ պարբերականի, թեև հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է ընդգրկվել, սակայն իշխող ֆրակցիայի համար կարևոր է անցկացնել հատկապես «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, ուստի որոշել են միաձայն կողմ քվեարկել նախագծին: Ընդդիմությունն էլ պատրաստվում է այս նախագծի հետ կապված «թեժ» քննարկում այսօր ծավալել ԱԺ-ում և մանրամասն ներկայացնել դրա խնդրահարույց կողմերը:
Օրաթերթը հայտնում է, որ իշխող ֆրակցիան երեկվա փակ նիստում քննարկել է նաև ՄԻՊ թեկնածուի հարցը, սակայն այդպես էլ վերջնական որոշման չի եկել:
Հավելենք, որ հունվարի 23-ին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Փետրվարի 12-ին ավարտվել է առաջադրումների համար նախատեսված 2-րդ տասնօրյակը։ սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել։