ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը
© Grigor Yepremyan
Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային և եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը, Մայր Տաճարի օծման, Մյուռոնօրհնության և հարակից այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:
Հավելենք, որ ԳՀԽ կազմում նոր անդամներ են ընդգրկվել։ Նրանք են՝ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանն ու Հայկ Իգնաթյանը։