Ֆինլանդիայում սկսել են պատնեշ կառուցել ՌԴ–ի հետ սահմանին. ԶԼՄ

Իմատրայի շրջան. Արխիվային լուսանկար
Ֆինլանդիայի կառավարությունը 2023 թվականի բյուջեով 139 միլիոն եվրո է հատկացրել ՌԴ–ի հետ սահմանին պատնեշի կառուցման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանին պատնեշ է կառուցվում, հայտնում է YLE հանրային հեռարձակող կորպորացիան։
«Ռուսաստանի հետ սահմանին պատնեշի կառուցումը սկսվել է։ Հողի մաքրման աշխատանքների շրջանակում Իմատրայի սահմանային անցակետի երկու կողմերում գտնվող ծառերն արմատախիլ են արվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իմատրա-Սվետոգորսկ սահմանային անցակետի տարածքում շինարարություն է ընթանում։
Մասնավորապես, Իմատրայի շրջանում երեք կիլոմետրանոց փորձնական տեղամաս կկառուցվի։ Պատնեշի կողքին ճանապարհ է կառուցվելու սահմանապահ ծառայության և վերանորոգման աշխատանքների համար։ Որոշ հատվածներում տարածքը կլուսավորվի, կտեղադրվեն բարձրախոսներ։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախարարների կաբինետը 2023 թվականի բյուջեով 139 միլիոն եվրո էր հատկացրել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին պատնեշ կառուցելու համար։