Եթե իշխանությունը հակադրվի Արցախի ճանաչման օրակարգին, ընտրությամբ կփոխենք. Չալաբյան

Ավետիք Չալաբյան. Արխիվային լուսանկար
Ավետիք Չալաբյանը նշեց, որ պետք է թույլ չտան ՀՀ իշխանությանն Արցախի հարցում հանրության կարծիքը կոտրեն, քանի որ ՀՀ բնակչության առնվազն 95 տոկոսը համարում է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Եթե գործող իշխանությունը շարունակվի հակադրվել Արցախի միջազգային ճանաչման օրակարգին, ապա նրան ընտրությամբ կփոխեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նշենք, որ ասուլիսով ամփոփվում է փետրվարի 24-ին կայացած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի արդյունքները։
«ՀՀ ներկայիս իշխանությունը կախված է հանրային կարծիքից, ինչի համար էլ զբաղված է հանրային կարծիքի զանգվածային մանիպուլյացիայով։ Սակայն պետք է թույլ չտալ, որ նրանք կարողանան Արցախի հարցում հանրության կարծիքը կոտրեն, քանի որ ՀՀ բնակչության առնվազն 95 տոկոսը համարում է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ուստի, պետք է հենց այս կարծիքը պարտադրել ՀՀ իշխանություններին»,–ասաց Չալաբյանը։
Միաժամանակ նա նշեց, որ իրենց պնդումներից մեկը հետևյալն է` չստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով Արցախի հարցը կարող է փակած համարվել։ Չալաբյանի խոսքով` պետք է խաղաղության բանակցություններ շարունակել այնքան, մինչև կգան այն հանգրվանին, որ Արցախի կարգավիճակի հարցը նորից կդառնա առանցքային.
«Ադրբեջանի շահերից էլ է բխում խաղաղությունը, ուստի պետք է ստիպենք ու օգտագործենք այն բոլոր հաղթաթղթերը, որոնցով բանակցային գործընթացը կբերենք միջազգային իրավունքի և արդարության դաշտ։ Այսօր բանակցային գործընթացն ուժի անհամաչափ կիրառման դաշտում է»։
«Համախմբում» շարժման ղեկավարներից Մենուա Սողոմոնյանն էլ հայտնեց, որ գիտագործնական համաժողովի կազմակերպիչներն առաջիկայում հանդիպումներ կունենան պետական կառույցների աշխատողների հետ։ Նրա խոսքով` պետական օղակը լուրջ ռեսուրս ունի դիմադրություն ցույց տալու։
Միասնական ճակատ ձևավորել Արցախի միջազգային ճանաչման օրակարգի շուրջ. հայտարարություն
«Մեր գործողությունների հիմքում է լինելու մեկ բան` պահպանել Արցախը հայ ժողովրդի գոյությունը երաշխավորելու համար։ Մեր գործողություններն ուղղված են լինելու առաջին հերթին երիտասարդությանը, որին այսօր համակել են անհնարինության զգացմամբ»,–ասաց նա։
Սողոմոնյանը նշեց` կհանդիպեն նաև դասախոսների, ուսուցիչների հետ, քանի որ նրանք են ինֆորմացիայի, երիտասարդների համար հեղինակության աղբյուրը։ Նա հավելեց, որ իրենց միջոցառումները պետք է տեղավորվեն Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ նոր շրջափուլի մեջ։