ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանում նախատեսում են քրեական պատասխանատվության ենթարկել ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական սահմանափակմանն ուղղված գործողություններ անելու կամ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` ԱԺ–ում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Նրա խոսքով` գործող օրենսգրքում քրեական պատասխանատվություն է սահմանված սահմանադրական կարգը տապալելու և բռնության կոչեր անելու համար։
«Այսինքն` ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Մինչդեռ ինքնիշխանությունը պետության հիմնական հատկանիշներից մեկն է»,– ասաց Բալյանը։
Օրինագծի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ կլինեն ինքնիշխանությունից հրաժարմանն ուղղված գործողությունները։
«Դրանք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ Հայաստանի ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական սահմանափակմանն ուղղված գործողություններ են։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն ուղղված հրապարակային կոչերը»,– նշել է Բալյանը։
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի դպեքում տարբեր պատժատեսակներ կլինեն` սկսած տուգանքից մինչև 3 տարով ազատազրկում։
Եթե կոչերը կատարվեն հրապարակային, ԶԼՄ–ների միջոցով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրվող ստեղծագործությունների միջոցով, ապա պատիժը կարող է կազմել 2-5 տարի։
Ընդ որում, ինչպես իշխող խմբակցության, այնպես էլ ընդդիմության պատգամավորները նշեցին, որ այդ ձևակերպումներն անորոշություն են պարունակում։ Նշվեց, որ, օրինակ, ցանկացած միջազգային պայմանագիր ենթադրում է ինքնիշխանության սահմանափակում, բացի այդ, խորհրդարանականների խոսքով, այնքան էլ պարզ չէ, թե հատկապես ինչ կոչերի կամ գործողությունների մասին է խոսվում օրինագծում։
Բալյանը նշեց, որ կփորձեն մինչև երկրորդ ընթերցում հստակեցում մտցնել։
Արդարադատության փոխնախարարը հայտնեց նաև, որ չի կարող բացատրել, թե ինչու է այս օրինագիծը ներկայացվել, քանի որ ինքը նախաձեռնողների մեջ չի եղել։
Տվյալ նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։