Արաբական աշխարհի հետ Հայաստանի առևտուրը 2023-ի վերջին կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը

Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Առևտրի և ներդրումների հիմնական ոլորտներից են ֆինանսական հատվածը, ադամանդագործությունը և ոսկերչական իրերի արտադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Մինչև 2023 թվականի վերջ Հայաստանի առևտուրը արաբական աշխարհի երկրների հետ կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը, «Global Citizen» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արաբական երկրներից Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը մնում է Էմիրությունները։ Սաուդյան Արաբիայի հետ ապրանքաշրջանառության աճը նկատելի է։
Նախարարը հավելել է, որ նման աճի հիմքերը դրվել են Dubai Expo 2020 ցուցահանդեսում, որտեղ ակտիվ քայլեր են ձեռնարկվել ինչպես Էմիրությունների, այնպես էլ արաբական այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Երկու երկրների կառավարությունների անդամների միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ, ներդրողները հանդիպում են միմյանց։ Առևտրի և ներդրումների հիմնական ոլորտներից են ֆինանսական հատվածը, ադամանդագործությունը և ոսկերչական իրերի արտադրությունը։
Հայաստանը Եվրասիական միության մաս է, լավ հարաբերություններ է պահպանում այլ երկրների հետ, իսկ ԱՄԷ-ն առևտրային հանգույց է Ծոցի երկրների համար։ Նախարարն ընդգծել է, որ այս ամենը զարգացման լավ հնարավորություններ է բացում` հիշեցնելով, որ մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են, մի շարք այլ ծրագրեր էլ նախապատրաստման փուլում են։
Հարցին, թե որն է Հայաստանի տնտեսության հիմնական խոչընդոտը, Քերոբյանը պատասխանել է , որ դա ցածր արտադրողականությունն է, որն այս պահի դրությամբ կազմում է մոտ 10 դոլար` մեկ ժամում, մեկ աշխատակցի համար։
Սա մոտավորապես հինգ անգամ պակաս է, քան Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում։ Դրա համար ընկերությունները ստանում են սուբսիդիաներ նոր սարքավորումների ձեռքբերման, բարձր որակավորում ունեցող աշխատակիցների հրավիրման և արտադրական գործընթացների թվայնացման համար։
Ընդհանուր առմամբ, նախարարը հիշեցրել է, որ ներդրումները հասել են ՀՆԱ-ի 18%-ին, իսկ երկարաժամկետ նպատակն է` հասցնել 25%-ի։
Նշենք, որ 2021 թվականին Էմիրությունների հետ Հայաստանի առևտուրը կազմել է մոտավորապես 112 միլիոն դոլար, իսկ 2022 թվականին՝ 593 միլիոն դոլար։