Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու. Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ կրկին հետաձգվել է իր դեմ հարուցված քրգործի քննությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված «անպիտան» քրգործով ցուցմունք չի տվել և չի էլ տալու։ Նա նման հայտարարություն է տարածել` հավելելով, որ իր ազատազրկումը ապօրինի է:
Տոնոյանը հայտնել է, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառաբանությամբ երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:
«Դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով»,–ընդգծել է նա։
Տոնոյանի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ նախորդ նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 21-ին, սակայն նշանակվել է փետրվարի 28-ին` կրկին նույն պատճառաբանությամբ` դատավորը վերապատրաստման է։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելու
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: