ՌԱԴԻՈ

Ադրբեջանը ՀՀ–ին վերագրում է գործողություններ, որոնք նրան վերագրելի չեն. Օրբելյան

Փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի մտադրությանը, ըստ որի` այդ երկիրը պատրաստվում է միջպետական արբիտրաժային վարույթ նախաձեռնել Հայաստանի դեմ։
Sputnik
Հայաստանի դեմ հայց ներկայացնելով` Ադրբեջանը նախ փորձում է հետևողականորեն ցույց տալ, որ պաշտոնական Երևանն է տարիներ շարունակ վերահսկել իր տարածքները, այսինքն` Հայաստանին վերագրում է գործողություններ, որոնք միջազգային իրավունքի տեսակետից վերագրելի չեն ՀՀ–ին, և երկրորդ` Ադրբեջանն արբիտրաժային դատարան դիմելու նյութական հիմքեր չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Ադրբեջանի ԱԳՆ–ն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է` Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար։
«Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է հայելային պատկեր ձևավորել, այսինքն` երբ Հայաստանը միջազգային դատարանում հայց է ներկայացնում Ադրբեջանի դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման մասով, Ադրբեջանն էլ պատասխան քայլեր է ձեռնարկում։ Երբ Հայաստանը հարևան երկրի դեմ անհապաղ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացնում, Ադրբեջանն էլ նույն կերպ է վարվում, ընդ որում կարևոր չէ` հիմքեր կան, թե ոչ։ Իսկ եթե ադրբեջանական հայցի պարագայում արտառոց հիմքեր չլինեն, ապա նախապայմաններ չեմ տեսնում, որ հարևան երկիրը կարող է նույնիսկ իրավազորության շեմը հաղթահարել և հաջողություն ակնկալել դատական գործընթացում»,– ասաց Օրբելյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ մամլո հաղորդագրություն տարածվեց առ այն, որ Արցախի Հանրապետության տարածքում գործող մի շարք ՀԷԿ–երի սեփականատերեր Ադրբեջանի դեմ նույն Էներգետիկ խարտիայի հիմքով հայց էին ներկայացրել, քանի որ նրանց պնդմամբ` ադրբեջանական կողմը խախտել է իրենց, որպես ներդրողների, իրավունքները։ Այժմ փոքր ՀԷԿ–երը վերահսկվում են Ադրբեջանի կողմից, որը չի ապահովում խարտիայով սահմանված դրանց պահպանության նվազագույն պահանջները։ Դա դեռ բավարար չէ, հիմա էլ Ադրբեջանն է որոշել պատասխան հայց ներկայացնել։
Օրբելյանի դիտարկմամբ` որպեսզի միջազգային կամ միջպետական հարաբերություններում հնարավոր լինի դիմել դատական արբիտրաժային պաշտպանության միջոցների, անհրաժեշտ է, որ լինի համապատասխան համաձայնություն։ Հայաստանն ադրբեջանական կողմի բոլոր խախտումները չի կարողանում տանել դատարան, որովհետև մի շարք պայմանագրեր չունեն վեճերի լուծման կառուցակարգ, և համապատասխանաբար եթե Ադրբեջանն, օրինակ, խախտել է ՀՀ քաղաքացիների իրավունքները, բայց համաձայն չէ, որ վեճը լուծվի միջազգային ատյանում, ապա այդ դեպքում հնարավոր չի լինում գործն առաջ տանել։
Միասնական ճակատ ձևավորել Արցախի միջազգային ճանաչման օրակարգի շուրջ. հայտարարություն
«Միջազգային շատ պայմանագրեր ունեն դրույթ, որտեղ նշվում է, որ եթե վեճերը չեն լուծվում բանակցություններով, ապա կարող են քննվել միջազգային դատարանի կողմից։ Նման կարգավորում կա, օրինակ, Էներգետիկ խարտիայում, ինչը հնարավորություն է տալիս խնդրահարույց հարցերը լուծել արբիտրաժի միջոցով։ Այժմ միջազգային ներդրումների պաշտպանության տեսակետից արբիտրաժները նաև հնարավորություն են տալիս ոչ միայն միջպետական վեճ բերել, այլև ներդրող պետությանը կանչել և վեճերը քննարկել»,– ասաց Օրբելյանը։
Նշենք, որ պաշտոնական Բաքվի պնդմամբ` Հայաստանը անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, «գրավյալ» տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Բաքուն նաև պնդում է, որ Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը, ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։