ԱԱԾ տնօրենը ամենօրյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների, գերիների հարազատներին. Սիմոնյան

Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի նիստում. Արխիվային լուսանկար
ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցնում է` իրենց կառույցի ղեկավարը գերիների, անհետ կորածների և պատանդների հարազատների բոլոր հարցերին ուղիղ պատասխանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը փետրվարի 27-ին մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների գործով հետաքրքրվող 80-ից ավելի մարդկանց հետ: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
44–օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում
ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցրեց՝ ԱԱԾ տնօրենը, չնայած իր գերծանրաբեռնվածությանը, ամենօրյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների, գերիների հարազատներին ու ցանկացած հարցի ուղիղ պատասխանում է։
Թովմասյանի մեկ այլ հարցին, թե ի՞նչ է անում ԱԱԾ-ն ու ի՞նչ արդյունքներ կան հայ գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքներից, Սիմոնյանը հակադարձեց.
«Ձեր հարցը բացասական ենթատեքստ ուներ։ Երբ կգա ժամանակը, որ հրապարակային կամ այլ ֆորմատով զեկույց կունենանք, դուք վստահ եղեք, որ այդ զեկույցը կլինի»,– ասաց Սիմոնյանը:
Թովմասյանի այն դիտարկմանը, որ նախորդ տարի հանձնաժողովն ընդամենը 1 նիստ է անցկացրել, ԱԱԾ փոխտնօրենը հակադարձեց, ասելով, որ դրանք 3–ն են եղել։ Սիմոնյանն ընդգծեց, որ ինքը չի կարող հաշվետվություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, իսկ եթե պատգամավորին մանրամասներն են հետաքրքրում, որոնք գաղտնի չեն, ապա կարող է գրավոր դիմել ԱԱԾ։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ: