ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն ստեղծելու նպատակով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը որոշել է «Թումո ակադեմիա» վեցամսյա կրթական ծրագիր իրականացնել։
Դասընթացին կարող են մասնակցել 21 տարին լրացած անձինք, իսկ հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան աշխատելու «Թումոյի» մարզային կենտրոններում:
Ամեն ինչ սկսվել է հենց «Թումոյի» մարզային կենտրոններ ստեղծելու գաղափարից։ Այդ կենտրոնների համար որակյալ դասընթացավարներ պատրաստելու համար որոշել են սեփական կրթական ծրագիրն իրականացնել։
«Քանի որ մեր պահանջները և չափորոշիչները մասնագետների նկատմամբ բավական բարձր են, մենք որոշեցինք մեր նախագիծն անել ու կրթել մեր չափորոշիչներին համապատասխան դասընթացավարների»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Թումո ակադեմիա» ծրագրի ղեկավար Նարինե Դովլաթյանը։
Նարինե Դովլաթյան
© Asatur Yesayants
Ծրագրին մասնակցելու համար նախնական մասնագիտական կրթությունը պարտադիր չէ։ Ծրագիրը կլինի անվճար, ավելին` ուսանողները կրթաթոշակ կստանան։ Կենտրոնը նաև կապահովի նրանց կեցությունը Երևանում կամ Դիլիջանում։
Նոր դասընթացավարների հետ կաշխատեն «Թումոյի» փորձառու և ոլորտի առաջատար մասնագետները։
Կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի կարծիքով` այս նախագծի արդյունքները երևալու են ապագայում, քանի որ բոլոր պատանիները հավասարապես որակյալ ու առաջադեմ կրթություն են ստանալու։
«Անկախ նրանից՝ պատանին «Թումոյի» քաղաքային կենտրոն է հաճախում, թե գյուղական, նրա ստացած կրթության բովանդակությունն ու որակը պետք է նույնը լինի։ Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է հարյուրավոր մասնագետներից կազմված հզոր թիմ ունենանք՝ մարզիչներ, դասընթացավարներ։ Հենց դրան ենք մենք գնում հիմա»,- ասաց նա։
Մարի Լու Փափազյան
© Asatur Yesayants
Ծրագրի գործարկման առաջին փուլում ուսուցում է տրամադրվելու ութ ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն:
Առաջին փուլը մեկնարկելու է մայիսի 1-ին Կապան, Կողբ և Դիլիջան համայնքներում։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 1-ը։
Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից և կդառնան «Թումոյի» թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից: