ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները Գորիսից հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածում անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք ուղղություններում` Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Շարունակվում է 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։