ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է մյուս պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին այսօր Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր բազմաթիվ միջազգային գործընկերները, այդ թվում տարածաշրջանից հեռու գտնվողները, բնական հետաքրքրվածություն են արտահայտում առ այն, որպեսզի նպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։ Մենք, ինչպես բազմիցս նշել էր նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծեն, որպեսզի այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց երկրների և ժողովուրդների», – նշել է Լավրովը։
Նրա խոսքով` տարածաշրջանային անվտանգությունը շարունակում է արդիական թեմա մնալ ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերում։
Հիշեցնենք` Լավրովի այցը Ադրբեջան տեղի կունենա փետրվարի 27-28-ը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքվում կքննարկի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթերի մասին է։