ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ կարգավորելու չինական ծրագիրը պետք է հանգամանորեն վերլուծվի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Չինաստանի ԱԳՆ-ն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագիր է հրապարակել, որը բաղկացած է 12 կետից, դրանց թվում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Չինաստանը նաև դեմ է արտահայտվել ուկրաինական հակամարտության համատեքստում միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը, քանի որ դրանք չեն նպաստում ճգնաժամի լուծմանը:
Պեսկովը հավելել է, որ ծրագրի ուսումնասիրման գործընթացը շատ ժամանակ և առավելագույն կենտրոնացում կպահանջի։
«Ծրագիր մշակելու ցանկացած փորձ, որը կնպաստի հակամարտությունը խաղաղ հուն տեղափոխելուն, արժանի է ուշադրության։ Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա իհարկե դրանք պետք է հանգամանորեն վերլուծվեն` հաշվի առնելով ամենատարբեր կողմերի շահերը»,–ասել է Պեսկովը։
Պատասխանելով Պեկինի կողմից ՌԴ-ին ռազմական տեխնիկա մատակարարելու շուրջ լուրերը մեկնաբանելու խնդրանքին` Պեսկովը հայտարարել է, որ դա իմաստ չունի, քանի որ Չինաստանն արդեն պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը: