Նիկոլ Փաշինյանը Լաչինի թեման քննարկել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Նիկոլ Փաշինյանն ու Ջունա Բերնարդը
Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական և հետևողական արձագանքի կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին»,– ասված է հաղորդագրությունում:
Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական և հետևողական արձագանքի կարևորությունը: Այդ առումով կարևորվել են նաև Եվրոպական խորհրդարանի` Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունած երկու բանաձևերն ու հնչեցված գնահատականները:
Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։