Միրզոյանը Թյուրքի հետ խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ:
ԱԳ նախարարը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Այսօր Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը ոտնահարում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, այլև միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։
«Արարատ Միրզոյանը նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ․ մայիս, նոյեմբեր և 2022թ․ սեպտեմբեր ամիսներին ագրեսիայի ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ այս առնչությամբ կարևորելով միջազգային համապատաասխան կառույցների հստակ գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հումանիտար մարտահրավերների առջև է հայտնվել։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է արվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի։