Միրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը

Իրանի և Հայաստանի արտգործնախարարները
Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ժնևում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության խորացումն ու համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` ներառյալ էներգետիկա, տրանսպորտ և ենթակառուցվածքներ։
Անդրադարձ է արվել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Հիշեցնենք` ԱԳՆ–ն այսօր հայտնել էր, որ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով մեկնել է Ժնև, նա մասնակցելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։ Հանդիպումներ են լինելու նաև մի շարք գործընկերների հետ։