ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները՝ համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացմամբ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը շեշտել է, որ մեր երկիրը նախորդ տարվա սեպտեմբերից մեծ ուշադրություն է հատկացնում տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցմանը։ Նրա կաչծիքով` սա հանրային դիվանագիտության ամրապնդման հարցում կարող է կարևոր նշանակություն ունենալ:
Քննարկվել է կրթության ոլորտում հայ–իրանական համագործակցության հնարավորությունները` ներառյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու բուհերում։
«Մեզ շատ կհետաքրքրի համատեղ ծրագրերի հնարավորությունը Մեղրիի տարածաշրջանում, որտեղ ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Հետաքրքրված ենք ինչպես ենթակառուցվածքների զարգացման, պայմանների բարելավման, դասախոսական կազմի վերապատրաստման, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությամբ, այնպես էլ կոնկրետ մասնագիտությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Ընդգծվել է միջբուհական համագործակցության առանձնահատուկ կարևորությունը երկու երկրների համար: Անդրադարձ է արվել նաև երկու պետությունների բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման հարցին: