ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի– Sputnik. Իրանի առողջապահության և տեղեկատվության նախարարությունները 2022 թվականի նոյեմբերին դպրոցներումսկսված զանգվածային թունավորման հետաքննություն է նախաձեռնել։ Թունավորման հետևանքով առնվազն 150 երեխա հայտնվել է հիվանդանոցներում, հայտարարել է կրթության նախարար Յուսեֆ Նուրին։
«Առողջապահության նախարարությունը զբաղվում է այդ հարցով։ Այն կհրապարակի արդյունքները ԶԼՄ-ներում», - Նուրիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Իրանի դպրոցներում թունավորումների շարքը սկսվել է 2022 թվականի նոյեմբերի վերջին Կում քաղաքում, որտեղ 18 աշակերտուհիներ թունավորվել էին անհայտ պատճառով։ Նմանատիպ դեպքեր սկսել են տեղի ունենալ մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Իրանի արևմուտքում: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօրվա դրությամբ առնվազն 150 երեխա է հոսպիտալացվել:
П Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահիի խոսքով՝ այն, ինչը հարուցել է աշակերտուհիների թունավորումը Կումում, բակտերիալ բնույթ չունի:
«Դա շատ թեթև թունավորում է, որը բարդացումների չի հանգեցնում», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, մի շարք պաշտոնյաներ կարծում են, որ թունավորումների շարքը կարող էր դիտավորյալ գործողություն լինել, որը կազմակերպվել էր «արտաքին ուժերի» կողմից: Օրինակ, այդպես է կարծում գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին։ Նույն վարկածին կողմ է նաև առողջապահության փոխնախարար Յունես Փանահին։ Նա նշել է, որ «այն բանից հետո, երբ Կումի դպրոցներում մի քանի թունավորումներ են տեղի ունեցել, ակնհայտ է դարձել, որ ինչ-որ մեկն ուզում է, որ փակվեն բոլոր դպրոցները, հատկապես աղջիկների դպրոցները»:
Իրանի խորհրդարանում թունավորումների շարքը կապում են վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետ, որոնք հանրապետությունում առաջացել էին 2022 թվականի սեպտեմբերի կեսերին՝ իրանցի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։
Խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ալիռեզա Մոնադայի խոսքով՝ նրանք, ովքեր ձգտում էին բորբոքել վերջին ամիսներին տեղի ունեցած անկարգությունները, այժմ միտումնավոր ձգտում են փակել աղջիկների դպրոցները։ Այդ կապակցությամբ, ինչպես նշել է իրանցի պաշտոնյան, հետաքննությանը ներգրավված է Իրանի տեղեկատվության նախարարության աշխատակազմը։