Ինչո՞ւ են դատախազների աշխատավարձերը բարձրացնում հավելավճարի միջոցով. բացատրում է Բալյանը

Գլխավոր դատախազության շենք
Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` հիմա դատախազի պաշտոնը վարձատրության պատճառով այդքան էլ գրավիչ չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության նախագծին, որով առաջարկվում է գրեթե կրկնակի բարձրացնել դատախազների աշխատավարձը։
«Փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Առաջարկի հիմքում դրվել է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական հմտությունների առումով ավելի պահանջներ ներկայացնելը։ Դատախազների պաշտոնը ցածր վարձատրության պատճառով այս պահին ոչ գրավիչ է նաև ռիսկայնության տեսանկյունից։ Ենթադրվում է, որ օրենսդրական փոփոխությունից հետո կդառնա ավելի գրավիչ, չնայած ռիսկը չի պակասելու»,– ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նա հիշեցրեց, որ նախատեսվում է դատախազության օրենքում ատեստավորման մեխանիզմ ներդնել, ինչի շնորհիվ ոլորտի մասնագետները կլինեն ավելի որակյալ և բանիմաց։
Նախարարի տեղակալը, անդրադառնալով հարցին, թե ինչու է աշխատավարձերի ավելացումը լինելու հավելումների տարբերակով, նշեց` վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը համակարգային անհամաչափություն կարող է առաջացնել պետական պաշտոնյաների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։
Բալյանը շեշտեց, որ հիմա մարզային դատախազների աշխատավարձը մոտավորապես 250.000 դրամ է։
ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան