ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ։
Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի զանգվածային ջարդերի մեղավորներին։
Ակցիայի ընթացքում ՀՅԴ երիտասարդները փակել են նաև Ադրբեջանի դեսպանատան փողոցը, որպեսզի կանգեցնեն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող ավտոմեքենան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստինե Վարդանյանը։
Ցուցարարները փողոց են դուրս եկել «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» գրություններով պաստառներով։
ՀՅԴ երիտասարդները Ադրբեջանից պահանջում են նաև անհապաղ ապաշրջափակել ավելի քան 78-օր հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Արցախը։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։