ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայկական դիզայնով կարված և արտադրված հագուստի հավաքածուները կրկին կցուցադրվեն Միլանում։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Նախկինում` Շվեդիայի կառավարության և ԵՄ աջակցությամբ, Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համակարգման ներքո, հայկական հինգ դիզայներ հագուստի հավաքածու են կազմել չորս տեղական արտադրողների համար։ Այդ հավաքածուն էլ կցուցադրվի Միլանում կայանալիք White Show ցուցահանդեսում։
Եթե այնտեղ արձանագրվեն B2B (business to business, այսինքն` բիզնեսի միջև) կապեր, կարելի է մտածել ծրագիրը շարունակելու մասին, հավելեց փոխնախարարը։
«Հաջորդիվ, տարվա ընթացքում, Երևանում կանցկացնենք նոր հավաքածուի ցուցադրություն։ Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան միջազգային մամուլում, այդ թվում՝ իտալական այլ հանրաճանաչ հարթակներում, ներկայացնելու իրենց հավաքածուները», - ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, հայկական արտադրողներն արդեն ներկայացվել էին Միլանի «Նորաձևության շաբաթում» անցյալ տարվա սեպտեմբերին։