ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրություններից առաջ հաշվետու խորհրդակցություններ կանցկացնի և դրանց արդյունքները կներկայացնի կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Տեղեկությունը հայտնում է «Milliyet» թերթը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի, համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա Բարձրագույն ընտրական հանձնաժողովը։
«Հայտնի է դարձել, որ իշխող կուսակցության ընտրական հարցերով գրասենյակը ընտրություններից առաջ ամեն չորեքշաբթի հաշվետու հանդիպումներ կանցկացնի տեղում աշխատանքը քննարկելու համար, իսկ հանդիպման արդյունքները պարբերաբար կներկայացվեն նախագահ Էրդողանին»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ թեև Էրդողանը դեռևս ընտրությունների հետ կապված նոր հայտարարություն չի արել, սակայն խոսակցություններ կան, որ դրանք կկայանան մայիսի 14-ին։
Հիշեցնենք` Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ համընդհանուր ընտրությունները (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական) Թուրքիայում նշանակված են հունիսի 18-ին, այնուհետև խոսեց մայիսի 14-ի մասին։ Թուրք առաջնորդն ասել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընդունել երկրորդ ամսաթիվը, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները՝ դրանք բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Էրդողանը լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածու չի առաջադրել։