ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ժամկետը թեև նախատեսված էր 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Այս մասին զեկուցվել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Քաղաքաշինության կոմիտե այցի ժամանակ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել է կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները:
«Ճարտարապետության և քաղաքաշինության մասով գրեթե 70%-ով լուծվել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը, դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները՝ որպես առափնյա հատվածի գրավչության բարձրացմանն ու քաղաքաշինական կանոնակարգված գործունեությունը միտված միջոցառում»,– նշված է հաղորդագրության մեջ։
2022 թ.-ին հաստատվել և կիրառության մեջ են դրվել 20 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր: Մշակված նորմերը վերաբերում են կառավարության կողմից գերակա համարվող հետևյալ ուղղություններին՝ քաղպաշտպանական կառույցներ, էներգաարդյունավետության բարձրացում, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հիդրոտեխնիկական և ավտոճանապարհային կառուցվածքներ, անվտանգության տեխնիկան շինարարությունում՝ այդ թվում շինհրապարակների կազմակերպումը:
Անդրադարձ է արվել շենքերի ու շինությունների հուսալիության և սեյսմակայունության բարձրացման նպատակով իրավական հիմքերի ապահովմանը, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը, կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը:
Կոմիտեն մշակել է նաև Էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են վերանորոգման վարկերի տոկոսադրույքները: 2022թ. ծրագրի շրջանակում տրամադրվել է 1245 վարկ, մոտ 2.6 մլրդ դրամ պորտֆելով: Սուբսիդավորման չափը կազմել է 40 մլն դրամ:
«Կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ 3 տարիների ընթացքում գրանցվել է հատկացումների շուրջ 6 անգամյա աճ, և դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու արդյունքային ցուցանիշներից»,–նշված է հաղորդագրության մեջ։
2022-ին ավարտվել են 6 օբյեկտների շինաշխատանքներ՝ 3 դպրոցի, 1 գյուղքոլեջի, 1 հանրակացարանային շենքի, ինպես նաև 1 բազմաբնակարան շենքի: Ընթացքի մեջ են Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում:
Կարգավորվել է նաև կառուցապատումը ժամկետում չավարտվելու դեպքերում կիրառվող տուգանքների չափի որոշման սկզբունքը: Նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման թույլտվությանն առնչվող պահանջները չկատարելու դեպքերի համար: