Բժիշկը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը կրիտիկական է

Ներկայում Սաակաշվիլին 64 կգ է կշռում։ Քաշի հետագա կորստի դեպքում նա կարող է այլևս չկազդուրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը կրիտիկական է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակին կից կոնսիլիումի բժիշկ Գեորգի Գրիգոլիան, որի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Մասնագետն ընդգծել է, որ եթե քաղաքական գործիչը շարունակի կորցնել քաշը` հասնելով 55 կգ–ի, անդառնալի գործընթացներ կսկսվեն, և նա մահճակալին գամված կմնա։
«Կախեքսիան ուժգնանում է։ Այն, ինչ տեղի ունենում Սաակաշվիլու հետ, օրինաչափ է. նա կորցնում է քաշը, մկանային և արդեն ոսկրային հյուսվածքների քայքայման գործընթաց է գնում։ Դա տեղի է ունենում, քանի որ նա համարժեք բուժում չի ստանում», – լրագրողներին ասել է Գրիգոլիան։
Բժիշկը նշել է, որ այս պահին Սաակաշվիլին 64 կգ է կշռում, բայց քաշը կորցնելու միտումը պահպանվում է։
Օմբուդսմանի գրասենյակի բժիշկները զննել են Սաակաշվիլուն փետրվարի 19-ին։ Բժիշկների խմբի պաշտոնական եզրակացության մեջ մի շարք հիվանդություններ են նշվում։
Եվրախորհրդարանը կմերժի Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին, եթե Սաակաշվիլին մահանա բանտում
Սաակաշվիլու ընտանիքի անդամներն ամեն օր ահազանգում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլուն թունավորել են ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանում դիտարկում էին արտասահմանյան կլինիկայում բուժման նպատակով Սահակաշվիլու պատիժը կրելու հավանական հետաձգման վերաբերյալ գործը, սակայն դատարանը մերժեց փաստաբանների այդ միջնորդությունը։
Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։