ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է, «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցված վարույթներն ընթացքում են, տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
«Ուսումնասիրության արդյունքում «Հայփոստ» և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» ընկերությունների (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ–ների վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։ «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13.5 մլն դրամի չափով տուգանք։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» (Globbing), «Օնէքս» (ONEX), ««Հայփոստ» և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: