Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 000 հայերին նույնպես տեղահանելն է. ՀՀ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Արտգործնախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով ԼՂ–ն հայաթափելու իր քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց Ադրբեջանը շուրջ 80 օր ապօրինի կերպով շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 000 հայերին նույնպես տեղահանելն է: ՀՀ արտգործնախարարությունն այդ հայտարարությունը տարածել է Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ադրբեջանն այսպիսով շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը։ Այն կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը»,–ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն նշել է նաև, որ այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը` նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:
35 տարի անց պետք է ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
Գերատեսչությունն ընդգծել է` ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:
ՀՀ–ն միևնույն ժամանակ իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին` տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ