ԱԱԾ–ն առաջարկում է պետական գաղտնիքի պահպանման ավելի երկար ժամկետ սահմանել

ԱԱԾ
Հստակեցվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ դրույթները, նոր խմբագրությամբ են շարադրվել եզրափակիչ մասն ու անցումային դրույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել համապատասխանաբար 40 և 30 տարի ժամկետներ։ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Ներկայացված նախագծերով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շրջանառության համար։ Միաժամանակ պետք է վերանայվեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներն ու չափերը։
ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, սակայն նախագծերի փաթեթը լրամշակվել է։
««Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում խմբագրվել են պետական գաղտնիքի և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունները, հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը։ Նախագիծը լրացվել է գաղտնագրման համաչափության սկզբունքով` միաժամանակ սահմանափակելով այդ սկզբունքի բովանդակությունը, վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների ժամանակավոր դրույթները` նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ»,– ասաց Հարությունյանը։
Հստակեցվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ դրույթները, նոր խմբագրությամբ են շարադրվել եզրափակիչ մասն ու անցումային դրույթները` առավել հստակ ամրագրելով օրենքի առանձին կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամանակահատվածները։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հայտնեց, որ նախագծում կատարվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։
Երկրի ղեկավարները կստուգվե՞ն շիզոֆրենիայի դեմ. պետական գաղտնիքի մասին օրենքի խութերը
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խոսելով լրամշակման մասին, նշեց, որ դրական ուղղվածությամբ փոփոխություններ կան, սակայն միևնույնն է` դեռ կան որոշ հարցեր։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու մեխանիզմում փոփոխություններ կատարվել են, թե ոչ։ Նախագծով ներկայացվում է, որ օրենքի ուժով նման կարգավիճակ ստանում են ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը։
«Եթե հետագայում պարզվի, որ նշված պաշտոնատար անձինք, օրինակ, չեն համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված որոշակի պահանջների, արդյոք նրանց այդ իրավունքը կկասեցվի։ Ենթադրենք` վարչապետը, ՀՀ կամ ԱԺ նախագահները հոգեկան հիվանդ են, ո՞նց կտիրապետեն պետական գաղտնիքին»,– նշեց Մինասյանը։
Հարությունյանը շեշտեց, որ եթե պետական գաղտնիքին տիրապետելու թույլտվություն ստացած անձինք չհամապատասխանեն որոշ պահանջների, ապա կկիրառվեն օրենքով սահմանված բոլոր այն դրույթները, որոնք նախատեսված են խախտման դեպքում։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց` չնայած իրենք («Հայաստան» խմբակցությունը) դեմ են նախագծի մի շարք դրույթների, այնուամենայնիվ հատուկ կարծիք կներկայացնեն ԱԺ լիագումար նիստում։