ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Բայկոնուր» տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ-2.1ա» հրթիռը, որը մերձերկրային ուղեծիր դուրս կբերի «Սոյուզ ՄՍ-23» տիեզերանավը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինը րոպե անց նավն առանձնացել է հրթիռի երրորդ աստիճանից, որից հետո սկսվել է նրա ինքնուրույն թռիչքը դեպի միջազգային տիեզերակայան: Կցումը նախատեսված է փետրվարի 26-ին` ժամը 04:01-ին:
Տիեզերանավը թռչում է անօդաչու տարբերակով, որպեսզի վերադարձնի «Սոյուզ ՄՍ-22»-ի անձնակազմին` ռուս տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևին ու Դմիտրի Պետելինին, ինչպես նաև ԱՄՆ տիեզերագնաց Ֆրենկ Ռուբիոյին։ Անձնակազմը կայանում ավելի քան 370 օր կանցկացնի և նոր ռեկորդ կսահմանի։
«Սոյուզ ՄՍ-23»-ը 429 կգ լրացուցիչ բեռ կհասցնի տիեզերակայան` բժշկական պարագաներ, կայանի մաքրման և մթնոլորտի ապահովման միջոցներ, ինչպես նաև գիտական փորձերի համար նախատեսված սարքավորումներ, սպիտակեղեն և սննդի օրապահիկով տարաներ։
Կցումից գրեթե անմիջապես հետո տիեզերագնացները կսկսեն նոր նավը նախապատրաստել վերադարձի։
Տիեզերանավը ուղեծրում կմնա 215 օր և կվերադառնա 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 15-ին «Սոյուզ ՄՍ-22»-ի հերմետիկությունը կորցրել էր ջերմակարգավորման համակարգը։