Սերգեյ Մախոտինը վերաշարադրել է «Սասունցի Դավիթը»․ ինչո՞ւ է գրողն ընտրել հայկական էպոսը

Սանկտ Պետերբուրգից մանկական գրականության հեղինակի համար Հայաստանը ոչ միայն զբոսաշրջային ուղղություն է, այլև հոգևոր ոգեշնչման խոր աղբյուր։
Sputnik
Վերջերս Ռուսաստանում լույս տեսավ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսը՝ մանկական հայտնի բանաստեղծ և գրող Սերգեյ Մախոտինի վերապատմած տարբերակով։ Ի՞նչ դրդապատճառներ են ստիպել նրան նման աշխատանք անել։
Պարզվում է, որ Սերգեյ Անատոլևիչն առաջին անգամ Հայաստան է եկել բավականին վաղուց՝ 40 տարի առաջ, և Հայաստանն առաջին իսկ րոպեներից հիացրել է նրան։
Յակուտսկի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացել է «Քոչարիով» և «Սասունցի Դավիթ» էպոսով
Բանաստեղծը խոստովանում է` Հայաստանը հիասքանչ է։ Նա տպավորված է մեր ճարտարապետությամբ, բնությամբ, հյուրընկալությամբ։ Երկար տարիների ընթացքում գրողը Հայաստանում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, որոնց կարոտում է, իսկ երբ գալիս է մեր երկիր, իրեն ոչ թե հյուր, այլ յուրային է զգում։
«Հայոց լեզուն զարմանալի է, իսկ սերը, պարկեշտությունն ու հարգալից վերաբերմունքը ծերերի հանդեպ առաջին բանն է, ինչի հետ իմ մոտ ասոցացվում է Հայաստանը», – ասում է Մախոտինը:
Նրան հիացնում է հայերի երախտագիտությունն այն մարդկանց հանդեպ, որոնք ինչ-որ բան են անում Հայաստանի համար։ Ի դեպ, նա ինքն էլ օգնության է շտապել իր հայ ընկերներին` հենց որ իմացել է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին։
Մախոտինի բնորոշմամբ՝ «հայ ժողովրդի մեջ շատ սիրտ կա»։ Նա նշում է, որ հայերը շատ առատաձեռն են բարեկամության և սիրո դրսևորումներում։
«Ժամանակի ընթացքում ցանկություն առաջացավ սեր խոստովանել Հայաստանին, հենց այդպես էլ սկսեցի վերապատմել ազգային էպոսը։ Ուզում էի, որ ռուսախոս փոքրիկ ընթերցողները ծանոթանան այս հիանալի պատմությանը», - նշում է ռուս բանաստեղծը։
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Նա նշում է, որ «Սասունցի Դավիթը» տարբերվում է մյուս հերոսական էպոսներից նախ և առաջ այն բանով, որ այստեղ հսկայական թվով զարմանալի հեքիաթային և բանահյուսական սյուժեներ կան։ Մախոտինն անվանում է այն հայ գրականության անգին ստեղծագործություն, որը դարձել է նրա սեղանի գիրքը։
«Ես հաճախ եմ գնում մեր դպրոցներ և պատմում այդ էպոսի, հայոց պատմության մասին։ Երեխաներն անհավանական ոգևորությամբ են լսում, իսկ գրքի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում բոլոր տարիքային խմբերի դպրոցականները», - ասում է նա։
Մախոտինն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսօր և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը բարդ ժամանակներ են ապրում։ Նա վստահ է, որ միասին մնալով՝ մեր երկրներին կհաջողվի անցնել բոլոր փորձությունների միջով։
«Հայ ժողովրդին հույս ու հավատ եմ մաղթում։ Ձեր երկիրն իր բազմադարյա պատմության ընթացքում բազմաթիվ ողբերգական պահեր է ապրել։ Այս ամենը կանցնի։ Ամենակարևորն այն է, որ մեր երկրները կանգնած լինեն ուս ուսի և աջակցեն միմյանց պատմական այս դառը պահերին։ Ամեն ինչ լավ կլինի», – լավատեսորեն ասում է գրողը։
Ուր է հեռացել հայկական էպոսի հերոսը. հնագետները հետազոտում են «Մհերի դուռը» և քարանձավները
«Սասունցի Դավիթ» էպոսի վերապատմումը հրապարակվել է Limbus Epika-ի «Համաշխարհային և ազգային էպոսները ռուս գրողների շարադրմամբ» նախագծի շրջանակում։ Նախագիծն իրականացնում է Սանկտ Պետերբուրգի Limbus Press հրատարակչությունը։