ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Քիշնևի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել, կազմակերպիչները խոսել են Մոլդովային պատերազմի մեջ ներքաշելու մասին։ Ցուցարարները վանկարկել են` «Մոլդովային խաղաղություն է անհրաժեշտ», «Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն»։
Մոլդովայի խորհրդարանի Կոմունիստների և սոցիալիստների խմբակցության պատգամավոր Ելենա Բելյակովան իր ելույթում նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը չափազանց լարված է, ինչը պետք է միավորի երկրի բնակչությանը։
«Մենք պետք է միասնություն ցույց տանք։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հողում հակամարտություն թույլ չտանք»,– ասել է Բելյակովան։
Բողոքի ակցիա Մոլդովայում
© Sputnik / Мирослав Ротарь
Ակցիայի մասնակիցները հիշել են նաև 1992 թվականը, երբ Դնեստրում զինված հակամարտություն տեղի ունեցավ, և պահանջել են, որ ներկա իշխանություններն ամեն ինչ անեն, որպեսզի նման ողբերգություն չկրկնվի։
Մոլդովայի սոցիալիստների կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Վլադ Բարինչան նշել է, որ ամեն օր հաղորդագրություններ են հայտնվում, որոնք խուճապի են մատնում հասարակությանը։
«Մոլդովայի իշխանությունների առաքելությունն է հանգստություն և խաղաղություն բերել բնակչությանը, պետական գերատեսչությունները պետք է ապահովեն այդ խաղաղությունը և հոգ տանեն կայունության մասին»,– քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Sputnik Մոլդովան։
Բատրինչան հայտնել է, որ խորհրդարանի առաջիկա նիստում առաջարկվելու է համախմբման, խաղաղության ու անվտանգության երաշխիքների մասին հռչակագիր ընդունել։ Նրա խոսքով՝ Մոլդովայի քաղաքացիները ցանկանում են ապրել խաղաղ և չեզոք երկրում։