ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի ընթացքում անտառային տարածքների վարձակալության ավելի քան 10 մրցույթ է հայտարարել։ Վարձակալության հանձնվող հողերը Արզականի, Արզնիի, Ծաղկաձորի, Փամբակի, Դսեղի, Աչաջրի անտառներում։
ՇՄ անտառային կոմիտեի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ անտառային տարածքները մրցույթում հաղթող անհատներին կամ կազմակերպություններին են տրամադրվելու հանգստի և զբոսաշրջության նպատակով:
Անտառային կոմիտեի հայտարարած վարձակալության մրցույթները անհանգստացրել է բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանին` հաշվի առնելով նախկին դառը փորձը։
«Նախկինում այդ վարձակալության պայմանագրերը բավական խնդրահարույց են եղել, նույնիսկ կան բացահայտումներ` Ծաղկաձորի դեպքերը և այլն։ Եվ այդ ամեն հաշվի չառնելով, չունենալով կառավարման պլաններ, հստակեցված քարտեզներ, չունենալով համապատասխան ներուժ, փոխարենը ունենալով օրենքի կիրարկման խնդիրներ, գնում են մեկ այլ քայլի, ավելի են խորացնում խնդիրները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Նրա կարծիքով, կոմիտեի հայտարարած մրցույթները ոչ միայն անդառնալի վնաս կհասցնեն անտառային տարածքներին, այլև հակասում են անտառային օրենսգրքի պահանջներին։
ՀՀ անտառային օրենսգիրքը նախատեսում է 1 տարուց ավելի ժամկետով վարձակալության պայմանագրերի դեպքում հիմք ընդունել տվյալ անտառի կառավարման պլանը։ Մինչդեռ Անտառային կոմիտեի կողմից մրցույթի դրված անտառները կառավարման պլաններ չունեն։
Այսեր Ղազարյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Բացի այդ, ժամանակին նույն կարգավորումն էր դրված նաև անտառային հողերը վարձակալության տալու` կառավարության որոշմամբ սահմանված կարգում, բայց 2021թ–ին կառավարությունը փոխեց կարգը`ավելացնելով նոր կետ, որի համաձայն, կառավարման պլանի բացակայության դեպքում վարձակալության պայմանագրի հիմքում կարող է դրվել անտառային հողի հատակագիծը։
«Եթե վարձակալության պայմանագիրը 1 տարուց ավելի ժամկետով է կնքվում, ապա վարձակալը տվյալ տարածքում պետք է նաև անտառտնտեսություն վարի։ Իսկ ինչպե՞ս է դա անելու, եթե այդ տարածքում կառավարման պլան չկա։ Եթե չկան կառավարման պլանները, որտեղ նշված է, որ այդ տարածքը հրդեհային բարձր ռիսկայնություն ունի կամ հանդիսանում է Կարմիր գրքում գրանցված բույսերի, կենդանիների տարածք, ապա ի՞նչ հիմքերով են այդ տարածքներն ընտրվում ու վարձակալության տրվում»,– ասաց նախկին փոխնախարարը։
Այսեր Ղազարյանը համոզված է՝ անտառային օրենսգրքին հակասող իրավական ակտերի ընդունումը պատահականություն չէ, այլ սուբյեկտիվ մոտեցման արդյունք։
«Նախորդ իշխանություններին մեղադրում էին, բայց իրենք նույն իներցիաների մեջ են։ Որոշում կայացնողների մակարդակում, ինչպես նաև միջին օղակներում ծվարած բախտախնդիրները, տուրիստները (չգիտեմ ուղղակի ոնց ասեմ), այդ մարդիկ ուղղակի օրեր են անցկացնում, իրենք նույնիսկ չգիտեն, թե ինչի համար են այնտեղ։ Զուտ մտածում են` վարձակալության հանձնենք այս տարածքը, լավ տարածք է, լավ խորովածանոց կլինի։ Դժվար իրավիճակում ենք։ Դրա համար հասկանում ենք, թե ինչ է լինելու։ Լինելու է անտառային տարածքների տոտալ ու վերջնական դեգրադացիա»,– համոզված է Այսեր Ղազարյանը։
Թե ինչու է անտառային կոմիտեն որոշել բնության տարածքները վարձակալության հանձնել և ինչպես դա կանդրադառնա անտառների պահպանության վրա, Sputnik Արմենիան փորձել է ճշտել անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանից։
«Կառավարության որոշմամբ վարձակալության 3 ուղղվածություն կա` էկոզբոսաշրջության զարգացման, կենդանիների վերարտադրության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով»,– ասաց Աթանեսյանը` հավելելով, որ հայտարարված մրցույթների մասով դեռ հայտնի չէ, թե որ տարածքն այս 3 նպատակներից որին կծառայեցվի։
Դա հայտնի կդառնա մրցույթի մասնակիցների ներկայացրած ծրագրերից, որոնք կարժանանան մրցույթի կազմակերպիչների հավանությանը։
Անտառային կոմիտեի նախագահի տեղակալը շեշտեց, որ օրենքով արգելվում է անտառային հողերում հիմնական շինություններ կառուցել։ Բացի այդ, ծրագիրը չպիտի խոչընդոտի անտառային հրդեհների դեմ պայքարին, օրինակ, չի կարող փակել անտառ մտնող հիմնական ճանապարհը։
Ի դեպ, Սերգո Աթանեսյանը հայտնեց, որ հայտարարված մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. անտառային կոմիտեն 1000–ից ավելի մրցութային առաջարկներ է ստացել։
Անտառային հողերում հյուրանոցներ կառուցելու ու արդյունքում անտառը վերացնելու ծաղկաձորյան դառը փորձի հիշատակման հետ Աթանեսյանը չհամաձայնեց, բայց և չհերքեց, որ նման դեպքեր իրոք եղել են։
«Գուցե բացառության կարգով մեկ–երկու դեպքեր եղել են։ Բայց այն մեծ շինությունները, որ կառուցվել են, դրանք այլ ընթացակարգով են իրականացվել. հողի նպատակային նշանակության փոփոխության ընթացակարգ է իրականացվել` անտառային հողի նշանակությունը փոխվել է, որից հետո այդ մեծ շենքերը կառուցվել են»,– ասաց նա։
Փարատելով իրավիճակի հնարավոր կրկնության վերաբերյալ մտավախությունները` Սերգո Աթանեսյանը հայտնեց, որ անտառային կոմիտեում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը զբաղվելու է վարձակալության տրված անտառային տարածքներում վարձակալների պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողությամբ։
Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման նպատակով հնարավոր ծառահատումներին, օրինակ, ճանապարհների կառուցում, տաղավարների տեղադրում և այլն, պաշտոնյան հայտնեց, որ նման դեպքերում հաշվարկվում է բնապահպանական հնարավոր վնասը և փոխհատուցվում վարձակալի կողմից։
«Բայց մենք հակված չենք այդ ճանապարհով գնալ։ Մրցույթի մասնակիցներն ի սկզբանե տեղեկացվում են, որ ոչ մի ծառ չի հատվելու, և ծրագիրը պետք է իրականացվի այնպես, որ անտառային շերտը չտուժի»,– ասաց նա։
Աթանեսյանը վստահեցնում է` ծառահատում նախատեսվող ծրագրերը մասնագիտական հանձնաժողովը մերժելու է։ Իսկ ծրագրի իրականացման ընթացքում ծառ հատող վարձակալները կարող են ենթարկվել ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվության։
Անտառային տարածքների վարձակալության համար «Անտառային օրենսգրքով» առավելագույնը մինչև 60 տարի ժամկետ է նախատեսվում։ Բայց հայտարարված նոր մրցույթների դեպքում անտառային կոմիտեում հակված են առավելագույնը 30 տարվա վարձակալության տարբերակին` կախված մրցութային առաջարկների բնույթից ու նախատեսվող ներդրումների մեծությունից։
Հիշեցնենք` հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օրերս Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել էր կանխել անտառների «կոտորածը»։
Մասնավորապես` Տավուշի մարզի դատախազին հանձնարարել էր ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ։
Իսկ Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատարին հանձնարարել էր ուսումնասիրել Սևան ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը։
Թե որքանով ուսումնասիրությունները կվերաբերեն նաև նոր անցկացվող մրցույթներին, թերևս պարզ կլինի միայն դրանց ավարտից հետո։