ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Կլաարը Երևան է ժամանել փետրվարի 23–ին։ Նրան արդեն ընդունել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում լինելու է մեր տարածաշրջանում, մտադիր է խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։