ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային երաշխիքի նոր տեսակ է նախատեսում ՓՄՁ-ների համար

Փող
Երաշխիքները տրվելու են վարկերի որոշակի ծավալի համար, ՓՄՁ թիրախային խմբերին` արագ զարգացող բիզնեսին, կին, գործազուրկ ու թոշակառու գործարարներին։ Շահառուները չեն տեղեկացվի, որ երաշխիք են ստացել, որպեսզի չթուլանա նրանց վարկային կարգապահությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է կառավարությանը ներկայացնել ՓՄՁ-ների աջակցության նոր տեսակ` «հովանոցային» մեխանիզմով վարկային երաշխիքների տրամադրում։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ծրագրի ներքո բանկերին տրամադրվելու են ՓՄՁ-ների համար վարկային երաշխիքներ, որոնք կկարողանան ծածկել նոր վարկերի գրավի պահանջները։
Փոքր բիզնեսի հիմնական խնդիրներից է հենց սահմանափակ գրավը, որի պատճառով նրանք չեն կարող ներգրավել նոր վարկեր։
«Նոր ծրագիրը միտված է հենց այս խնդիրը լուծելուն»,– նշեց փոխնախարարը։
Նախկինում կառավարությունը տարբեր ծրագրերով (օրինակ` COVID-ի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագրով) երաշխիքներ էր տրամադրում արտոնյալ վարկերի համար։ Հիմա երաշխիքները տրվելու են որոշակի ծավալի վարկերի համար (հովանոցի նման ծածկելով նոր վարկերը կամ վարկային գծերը)։
Ենթադրվում է, որ շահառուները կլինեն արտադրողներ կամ ծառայություն մատուցողներ` մի քանի թիրախային խմբերով։ Այդ խմբերից մեկը կլինեն խոստումնալից ընկերությունները, որոնք տարեկան շրջանառության 30-40% աճ են գրանցում։ Այլ թիրախային խմբերում կլինեն կին, գործազուրկ և թոշակառու գործարարները (թե՛ սկսնակ, թե՛ որոշակի փորձ ունեցող)։
ՀՀ կառավարությունը կաջակցի «Թումոյին» արհեստների ուսուցման ծրագրում
Վարկի ուղղությունները (կապիտալ կամ ընթացիկ ծախսերի համար) չեն սահմանափակվի, բայց սարքավորում ձեռք բերելիս (լինի դա վարկով թե լիզինգով) բիզնեսը կկարողանա օգտվել նաև տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից։
«Մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, այդ համակարգն ապացուցել է իր արդյունավետությունը»,– հավելեց Գևորգյանը։
Նախնական առաջարկով` «հովանոցային» մեխանիզմով երաշխիքների տրամադրումը նախատեսվում է տարածել ոչ ավել, քան $50 հազարանոց վարկերի վրա, ընդ որում` բիզնեսն այդ երաշխիքները կստանա «կույր» եղանակով (առանց իմանալու` ստացել է, թե չէ)։ Այսպիսի կարգավորում առաջարկվում է բիզնեսի ֆինանսական կարգապահությունը չթուլացնելու համար։