ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,-նշվում է հաղորդագրությունում:
Երկու երկրների նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները:
Քննարկվել է նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների թեման։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն այսուհետ ևս կշարունակի մարդասիրական օգնությունը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ երկրաշարժի հետևանքները հնարավորինս շուտ կվերացվեն:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։