ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ քրգործով դատական նիստը հետաձգվեց։
Ներկա չէր Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ Նա դատարանին զգուշացրել էր, որ մինչև մարտի 15-ը չի կարող ներկայանալ։
Նախորդ նիստը կայացել է հունվարի 17-ին, որը նույնպես հետաձգվել էր, քանի որ Գասպարյանի փաստաբանները չէին հասցրել ծանոթանալ դատաքննության նյութերին։
Դատարանը հետաքրքրվեց նախկին ոստիկանապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից` արդյոք հասցրել են ծանոթանալ նյութերին, պաշտպանը դրական պատասխան տվեց։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին` ժամը 10։30-ին։ Նիստեր կլինեն նաև մարտի 28-ին` ժամը 10։30-ին, ապրիլի 4-ին` ժամը 10։30–ին։
Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: