«Սիրտս տվել եմ այս թիմին». «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը հեռանում է ակումբից

Դավիթ Մանոյանը Fastex ՀՊԼ 13 տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումից առաջ մարզմանը (25 հոկտեմբերի, 2022թ). Երևան
Ֆուտբոլային ակումբը Դավիթ Մանոյանին շնորհակալություն է հայտնել մեծ նվիրվածության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը հեռանում է ակումբից։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Ես հեռանում եմ ակումբից արժանապատվորեն՝ իմանալով, որ իմ սիրտը տվել եմ այս թիմին, այս ակումբին։ Ես հպարտ եմ այն ամենով, ինչին մենք հասանք այս վերջին 2 մրցաշրջանում, ինչը մեզնից առաջ չէր հաջողվել անել շուրջ 15 տարի»,– գրել է Մանոյանը:
Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«32-ամյա հայ ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2020/21 մրցաշրջանից առաջ: Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Փորձառու խաղացողը վերջին տարիներին մեծ ներդրում է ունեցել թիմի գրանցած առաջընթացում՝ 2020/21 մրցաշրջանում օգնելով «Արարատին» դառնալ Հայաստանի գավաթակիր»,– ասված է «Արարատի» տարածած հաղորդագրությունում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիթ Մանոյանին ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում։