Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել. Փրայս

Արխիվային լուսանկար
Այս պահին դեռ հայտնի չէ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, տեղեկանում ենք Պետդեպի կայքից։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն ակտիվորեն աջակցում է Եվրամիության միջնորդությանն այս հարցում։ Փրայսը նշել է, որ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ` սպասում են Երևանի և Բաքվի պատասխանին։
«Սա հնարավորություն է, որից ցանկության դեպքում նրանք կարող են օգտվել և նստել, քննարկել այն առաջընթացը, որը մենք կարողացանք արձանագրել վերջին շաբաթների ընթացքում»,–ասել է Փրայսը:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը քննարկում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը` Փրայսը պատասխանել է, որ պետքարտուղար Բլինկենը վերջերս Մյունխենյան համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային և մասնավոր բեռների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով բացել նաև տրանսպորտային այլ երթուղիներ:
Փրայսի խոսքով` առաջին հերթին կողմերն իրենք պարտավոր են վերացնել խոչընդոտներն ապրանքների ազատ հոսքի` ներառյալ մարդասիրական օգնության համար։ Նա վստահեցրել է, որ պատրաստվում են իրենց դիվանագիտությունը կենտրոնացնել դրան հասնելու համար։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։