Նորանոր անպատասխան հարցեր՝ կապված Արցախի հարցի հետ

Հանրահավաք Ստեփանակերտում. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Արցախի ներքին կյանքի հետ կապված նոր հարցերի շարանը սկսվեց շաբաթներ առաջ, երբ լուրեր տարածվեցին, թե երկու բարձրագույն ղեկավարները՝ Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը, այցելել են Մոսկվա։
Sputnik
Պաշտոնապես ոչինչ չհերքվեց ու չհաստատվեց, և առեղծվածային հարցը կախված մնաց օդում։ Հետո Արցախի խորհրդարանի խոսնակը անսպասելի հայտարարեց, որ իր թեկնածությունը կառաջադրի նախագահի ընտրություններում, այնինչ, հերթական ընտրությունները դեռ յոթ սարի հետևում են։ Բայց դրանից մի քանի շաբաթ անց շրջանառության մեջ դրվեց սահմանադրության փոփոխության նախագիծը, ըստ որի, եթե նախագահի պաշտոնը թափուր է մնում, նրան ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը։ Ճիշտ է, այդպես է լինելու միայն ռազմական դրության պայմաններում, բայց ախր, Արցախը միշտ էլ ռազմական դրության պայմաններում է։
Իսկ մինչ Արցախի հասարակությունը փորձում էր հասկանալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում, ևս մի անհասկանալի բան կատարվեց՝ նախագահը պետնախարարի պաշտոնից հեռացրեց մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին, որին հենց ինքն էր նշանակել ընդամենը երեք ու կես ամիս առաջ։ Բացատրությունը սա էր, պարզապես բառացի մեջբերեմ լրատվամիջոցներից. «Մեր բոլորիս և պետության դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»: Եթե որևէ բան հասկացաք այս մեկնաբանությունից, խնդրում եմ ինձ էլ բացատրեք։
Ուզո՞ւմ ես պահպանել իշխանությունը՝ ընտրիր ամենահեշտ ճանապարհները
Չեմ ուզում կրկնել այն պարզունակ հիմնավորումները, թե մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը նորից հայտարարեց, որ երբեք չի բանակցի Ռուբեն Վարդանյանի հետ, ինչից անմիջապես հետո նա զրկվեց պետնախարարի պաշտոնից։ Ախր, Ռուբեն Վարդանյանը երբեք էլ որևէ բանակցությունների չի մասնակցել, Արցախի իշխանություններն էլ իսկի ակնարկ չեն արել, թե ցանկանում են, որ հենց նա բանակցի ադրբեջանցիների հետ։
Ավելին, կարելի է ենթադրել, որ Ալիևը եվրոպացիների ներկայությամբ անընդհատ շեշտում է, թե Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից է, հատուկ Արևմուտքին հաճոյանալու համար՝ հրաշալի իմանալով, թե ինչպես են հիմա այնտեղ վերաբերվում ցանկացած մեկին, որն ինչ-որ առնչություն ունի այդ երկրի հետ։ Եվ այդ սիրախաղը Արևմուտքի հետ Ադրբեջանի առաջնորդը շարունակում է նույնիսկ այն բանից հետո, երբ ռուսաստանցի բազմաթիվ պաշտոնյաներ հիշեցրել են, որ Ռուբեն Վարդանյանն այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։
Հարցեր է առաջացնում նաև Արցախի նախագահի պնդումն այն մասին, որ ինքը որևէ ազդեցության չի ենթարկվում։ Մեջբերեմ. «Ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում»։
Կներե′ք, առնվազն տարօրինակ է՝ այսինքն, փաստորեն առաջին անգամ տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարը ոչ մի հարց Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի հետ չի քննարկում ու չի համաձայնեցնում։ Արդյոք սա դրակա՞ն երևույթ է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է վերաբերմունքը Հայաստանի ներկա իշխանությունների նկատմամբ։
Միգուցե արցախցիների հետ բոլոր հարցերի քննարկումն իսկապես շատ ավելի կարևոր է, բայց ախր, էս դեպքում էլ պրոբլեմ կա։ Ռուբեն Վարդանյանն ասում է. «Շատ կարևոր է վստահությունը։ Ցավալի է, բայց իսկապես երբեմն մենք չենք կարող ասել այն, ինչ ցանկանում ենք, կամ ստիպված ենք դիմել այլաբանության։ Այդուհանդերձ, մարդիկ պետք է հավատան մեր խոսքին ու գործին»,- հորդորում է Ռուբեն Վարդանյանը։ Ճիշտն ասած, եթե ղարաբաղցի լինեի, հարց կուղղեի նրան՝ դուք խոստովանում եք, որ չեք ասում մեզ ճշմարտությունը, այլաբանություններով եք խոսում մեզ հետ, ու միևնույն ժամանակ կոչ եք անում հավատա՞լ ձեզ։ Սա տրամաբանակա՞ն է։
35 տարի առաջ սկսվեց Ղարաբաղյան շարժումը. պատմում են անմիջական մասնակիցները
Բայց ավելի սկզբունքային հարց էլ կա՝ պետնախարարը աշխատանքից հեռացվել է ինչ-որ ճնշմա՞ն հետևանքով, թե՞ նման ճնշում չի եղել։ Նախագահի ասածից կարելի է եզրակացնել, որ ճնշումը բացառված է։ Մինչդեռ տեսեք, թե ինչ է ասել ինքը՝ Ռուբեն Վարդանյանը. «Դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր։ Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի»։
Ի դեպ, այս վերջին հայտարարությունը՝ Արցախում մնալու մասին, հարցականի տակ է դնում որոշ վերլուծաբանների շատ կոնկրետ կանխատեսումը, թե Ռուբեն Վարդանյանը գալու է Երևան և մասնակցելու է այս տարվա մայրաքաղաքային ընտրություններին։ Որոշ փորձագետներ բավական բարձր են գնահատում Երևանի քաղաքապետ դառնալու նրա շանսերը՝ հիշեցնելով, որ բազմաթիվ երկրներում տարբեր գործիչների, օրինակ, Ժակ Շիրակի, Ռեջեփ Էրդողանի, Միխեիլ Սաակաշվիու համար քաղաքապետի պաշտոնը աստիճան է եղել երկրի ղեկավար դառնալու ճանապարհին։