Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին ու գոհունակություն հայտնել

Փաշինյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը:
Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձևի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Նշենք, որ Կլաարն այսօր է ժամանել Երևան։ Նրան արդեն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Կլաարն առաջիկայում լինելու է մեր տարածաշրջանում, մտադիր է խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով։
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով Գերմանիայում էր։
Մյունխենում նա բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: