ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հակառուսական բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով. արխիվային լուսանկար
32 երկիր ձեռնպահ են քվեարկել, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է արևմտյան երկրների նախապատրաստած «Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հիմքում դրված սկզբունքների» մասին հակառուսական բանաձևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանաձևին կողմ են քվեարկել 141 պետություն, դեմ՝ 7-ը, 32-ը ձեռնպահ են մնացել։
Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Սիրիան։ Ձեռնպահ են եղել Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Կուբան, Իրանը, Ղազախստանը, ՀԱՀ-ը, Եթովպիան,Վիետնամը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Պակիստանն ու այլ երկրներ։
Բանաձևի համաձայն՝ ԳՎ-ն ընդգծում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան համապարփակ, արդար և ամուր խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։
Բանաձևի հեղինակները հավատարիմ են «արդար խաղաղության» ուկրաինական տեսակետին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, ԳՎ-ն հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի միասնականության և տարածքային ամբողջականության օգտին։ Բանաձևը Ռուսաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից։
Բացի այդ, բանաձևը Մոսկվային հորդորում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներին հասցվող հարվածները և կասեցնել քաղաքացիական օբյեկտների, այդ թվում` բնակելի տների, դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները։ Միևնույն ժամանակ տեքստում Կիևին ուղղված նմանատիպ կոչեր չկան, ոչ մի բառ չի ասվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասի գնդակոծությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր սա ԳՎ-ի վեցերորդ հակառուսական բանաձևն է։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ավելի վաղ հայտարարել էր, որ այն պայմանները, որոնք դրված են Կիևի կողմից առաջ քաշվող «խաղաղ» նախաձեռնություններում, ակնհայտորեն անընդունելի են։
Փաստաթուղթը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևի, պարտադիր բնույթ չի կրում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։