ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Կարծում ենք, որ այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում՝ մարդասիրական աջակցություն ապահովեն միջանցքից օգտվողների համար»,– ասել է Փրայսը` հավելելով, որ կենտրոնանալու են դիվանագիտության վրա, որպեսզի օգնեն ապահովել այդ հնարավորությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը մեջբերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը. «Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև հորդորել է կողմերին բացել սահմանային հաղորդակցությունները»։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։