ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Այս մասին այսօր ԵԽԽՎ–ում հայտարարել են Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա), որոնք փետրվարի 17–19–ը այցելել էին մեր երկիր։
Նրանք ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ են արել միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։
«Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։ Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ տարածաշրջանից»,– ասված է հայտարարությունում։
ԵԽԽՎ համազեկուցողները նշել են նաև, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների մեքենաների մուտքուելքով հնարավոր չէ բավարարել բնակչության կարիքները։
Իրենց հայտարարությունում նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումներին ու փաստել, որ այդ փաստը հանգեցրել է բնակիչների իրավունքների լուրջ խախտումների։
«Շատ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել»,– ասել են նրանք։
Համազեկուցողները խոսել են նաև ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին` այդ թվում արգելված զինատեսակների կիրառմամբ և քաղաքացիական ենթակառուցվածքների խոցմամբ։
«Մենք տեսել ենք Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները»,– գրված է հայտարարությունում։
Համազեկուցողները նշել են, որ իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին։
Նշենք, որ Կիմմո Կիլյունենն ու Բորիանա Օբերգը Հայաստան են ժամանել փետրվարի 17-ին։ Նրանք այցելել են Ջերմուկ, Սյունիք, Սոթք և Կուտական, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։