ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հիմնավոր փաստ կա, ինչն արտահայտվում է շրջանառվող փաստաթղթերով, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են` ԼՂ–ն լինի Ադրբեջանի կազմում։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում այս հայտարարությունն արեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել կամ քողարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը, քանի որ Ադրբեջանը կպահանջի, որ սևը-սպիտակով այդ հարցը ձևակերպվի թղթի վրա։ Օսկանյանը նշեց, որ քողարկումը վերաբերելու է այն հանգամանքին, որ չնայած Արցախն Ադրբեջանի կազմում լինելու դրույթ է լինելու, սակայն նշվելու է, որ պետք է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսություն լինի։ Սրանով էլ, ըստ նրա, տպավորություն են ստեղծելու, թե պատուհանը բաց է` Արցախի ժողովուրդը դեռ կարող է որոշում կայացնել։
«Եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի վերոհիշյալ բովանդակությամբ, ապա Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ հետո Նախիջևանի»,– ավելացրեց նախկին նախարարը։
Նրա խոսքով` այս ամենի հիմքում դրվելու են անխուսափելիության և այլընտրանքի բացակայության հիմնավորումները։ Օսկանյանը շեշտեց` սրանք անընդունելի կանխավարկածներն են, և պետք է պայքարենք հենց դրանց դեմ։
Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմին` նշելով, որ դրա պարագայում էլ նշվում էր, թե անխուսափելի է, սակայն պատերազմում պարտվեցինք, քանի որ այն վարել ենք շատ վատ, չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը, տապալել ենք բանակցությունները. «1994-2018թթ. հարաբերական անդորրը հայ–ադրբեջանական սահմանագծում պահպանվել է 2 գործոնների շնորհիվ` կայուն դիվանագիտական գործընթաց և ռազմական հավասարակշռություն։ Այդպես է եղել առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք։ Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անգործության և անզորության հետևանք է։ Եթե անխուսափելի պատերազմներ լինեին, ապա դիվանագիտությունը գոյություն չէր ունենա»։
Օսկանյանը նշեց, որ ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել` 3 նախագահներն էլ մեկ նպատակ են ունեցել, որ ի վերջո ԼՂ–ն Հայաստանի մաս է դառնալու։ Իսկ հիմա բանակցային օրակարգը թելադրվում է Ադրբեջանի կողմից, և բանակցային օրակարգում չկա հայկական օրակարգ։
Այս պահին, ըստ նրա, մենք մեր առջև պետք է մի խնդիր դնենք` չստորագրել այս պահին որևէ փաստաթուղթ, և ՀՀ իշխանություններն այսօր ունեն այդ հնարավորությունը։ Այդ օրակարգը պետք է ընդլայնել և, օրինակ, ներառել հարցը, թե ինչ է լինելու Շուշիի և Հադրութի ճակատագիրը, մեր գերիների խնդիրը, ԼՂ կարգավիճակի հարցը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը մեր ինքնիշխան տարածքից։