ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Շարվաշիձեին տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Շարվաշիձեին
© Photo : official site of MFA of RA
Նախարարի տեղակալը նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման` Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում։