Երևանն ու Բաքուն Բրյուսելի հարթա՞կն են ընտրել․ փորձագետները՝ ԵՄ-ի շտապողականության մասին

Արխիվային լուսանկար
Ադրբեջանը ԵՄ-ն ընտրելու պատճառ ունի, անհասկանալի է, թե ինչ է ստանում Հայաստանը, որը նախապատվությունը տալիս է բանակցությունների արևմտյան ձևաչափին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը ակտիվորեն փորձում է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրմանը։ Որոշակի շտապողականությունը բացատրվում է նրանով, որ կողմերը, հնարավոր է, արդեն որոշ պայմանավորվածությունների են հասնում, և Բրյուսելը չի ցանկանում բաց թողնել հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով եվրոպացիների դիվանագիտական պատրաստությունները, այն է՝ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հերթական այցը տարածաշրջան, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման ազդարարումը։
«Կարծում եմ՝ կողմերը ինչ-որ փաստաթղթի վրա են «դուրս գալիս», և հենց դրանով է պայմանավորված, որ եվրոպացիները շտապում են արագացված տեմպով ընդհանուր հայտարարի բերել, որպեսզի Բրյուսելում կարողանան ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, նույնիսկ եթե դա չլինի խաղաղության պայմանագիր, գոնե շրջանակային ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի։ Այն, որ կողմերը մոտենում են ինչ-որ փաստաթղթի, երևում է թե՛ հայկական կողմի, թե՛ Ադրբեջանի վերջին շրջանի հայտարարություններից»,-ասաց փորձագետը։
Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում։ Իհարկե, կողմերից յուրաքանչյուրը յուրովի է բացատրում նման լավատեսության պատճառները։ Կարելի է հիշել, օրինակ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմին հաջողվել է ապագա փաստաթղթում ամրագրել «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում խոսել է Հայաստանի դիրքորոշման մեջ «որոշակի, բայց ոչ բավարար առաջընթացի» մասին։
Այս ֆոնին տպավորություն է առաջանում, որ որոշակիորեն «մոռացվել է» բանակցությունների մոսկովյան հարթակը։ Չնայած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին Մոսկվայի բազմաթիվ հայտարարություններին, այդ ուղղությամբ ինչ-որ տեղաշարժ ինչպես չկար, այդպես էլ չկա։ Համենայնդեպս, կարծում է Հակոբյանը, Երևանի կողմից դրական ազդակ չի եղել։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են հնարավորինս շատ խնդիրներ գտնել հայ-ռուսական հարաբերություններում։
Մեր շահերից է բխում, որ Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն. Սուրեն Սարգսյան
Քաղտեխնոլոգը կարծում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վաղուց ընտրություն են կատարել հօգուտ բանակցությունների արևմտյան ձևաչափի։ Ընդ որում, Ադրբեջանի մոտիվացիան միանգամայն հասկանալի է։ Բաքուն հասկացնել էր տալիս, որ իր համար կապ չունի՝ մոսկովյան, թե բրյուսելյան հարթակում բանակցություններ վարել և պայմանագիր ստորագրել, իր համար գլխավորը իր պահանջների կատարումն է։
«Մենք տեսնում ենք, որ արևմտյան ձևաչափն ավելի շատ բավարարում է Ադրբեջանի սպասելիքները, քանի որ «բրյուսելյան» տարբերակում Արցախի հարցը միանշանակ փակվում է ի օգուտ Ադրբեջանի, այնինչ ռուսական տարբերակում, ինչպես գիտեք, այդ հարցը առկախվելու էր։ Այս պարագայում հայկական կողմի նախապատվությունը տալը արևմտյան տարբերակին հայաստանյան շահերի տեսանկյունից որևէ ռացիոնալ բացատրություն չունի»,-ասում է Հակոբյանը։
Բանակցությունների գործընթացն արագացնելու Արևմուտքի փորձի մասին է խոսում նաև քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Մեր պարբերականին տված մեկնաբանության մեջ նա նշեց, որ եթե տարածաշրջանի իրավիճակին նայենք եվրոպացիների տեսանկյունից, ապա նրանց առաջին հերթին կայունություն է պետք։ Բայց հայկական շահերի համար այս արագացված բանակցությունները ոչ մի լավ բան չեն խոստանում։ Հայաստանին պետք չէ, որ ներկայիս շտապողականությունը երկրորդ կապիտուլյացիայի հանգեցնի։
«Մեզ պետք է այս գործընթացները հնարավորինս ձգձգել, ժամանակ շահել, վերականգնել ուժային հավասարակշռությունը, այդ ընթացքում թույլ չտալով նոր ագրեսիաներ, որպեսզի ստեղծենք առնվազն այնպիսի ստատուս-քվո, որը նրանք չեն կարող կամայական խախտել, այսինքն՝ չեն կարող մի առավոտ զարթնել և որոշել գրավել Ջերմուկը»,-ասում է Չալաբյանը։
Մեր զրուցակիցը վստահ է, որ նոր ստատուս քվոյի ձևավորման համար Հայաստանը անհրաժեշտ իրավական և քաղաքական մեխանիզմներ ունի։ Եվ ամենակարևորը (ինչով նա, որպես հիմնադրամի ղեկավար, զբաղվում է ամեն օր) երկրի սեփական ռազմական կարողությունների զարգացումն ու ամրապնդումն է։ Իհարկե, կողմերի վրա որոշակի արտաքին ճնշում կա բանակցություններն արագացնելու և «թուղթը» ստորագրելու համար, սակայն կոնկրետ Հայաստանի վրա այդ ճնշումը միշտ էլ եղել է։
Այնուամենայնիվ, նա 30 տարի հաջողությամբ դիմադրել է այդ ճնշմանը։ Երևանը կարող է և պետք է սեփական հարցերն ու թեմաները բարձրացնի բանակցություններում, ուժեղ փաստարկներ բերի, և այդ ժամանակ ոչ ոք նրանից նոր կապիտուլյացիա չի պահանջի։ Պետք է հասկանալ, որ Արևմուտքը միասնական չէ Հարավային Կովկասում իրավիճակի իր տեսլականի և ընկալման հարցում, այնտեղ տարբեր ուժեր և նույնքան տարբեր շահեր կան։ Ոմանց պետք է վերահսկել խողովակաշարերը, ուրիշները ցանկանում են վերահսկել ռազմավարական հաղորդակցությունները: Հայաստանը պետք է հասկանա այդ ամենը և այդ հակասությունների վրա խաղա։