ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ ուղին են։ Այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ–ի հրապարակած հայտարարությունում, որում ներկայացվում է, թե ինչ դիրքորոշում ունի ՉԺՀ–ն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարության մեջ ընդգծվում է, որ անհրաժեշտ է խրախուսել և աջակցել բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, իսկ միջազգային հանրությունը պետք է հարթակ տրամադրի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման համար: Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերակատարումը այդ հարցում։
«Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից, հարգել բոլոր երկրների անվտանգության օրինական շահերը։ Պետք է արդյունավետորեն երաշխավորվի բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»,– ասվում է փաստաթղթում։
Ըստ հայտարարության` մի երկրի անվտանգությունը չի կարող հասնել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների ուժեղացման կամ նույնիսկ ընդլայնման հաշվին։ Անվտանգության օրինական շահերին և բոլոր երկրների մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել և պատշաճ կերպով հաշվի առնել դրանք։
Չինաստանը դեմ է համաշխարհային տնտեսության քաղաքականացմանը և այն որպես զենք կիրառելուն։
«Անհրաժեշտ է ապահովել արտադրական և մատակարարման շղթաների կայունությունը, բոլոր կողմերը պետք է պատշաճ կերպով պաշտպանեն գոյություն ունեցող համաշխարհային տնտեսական համակարգը, դիմակայեն դրա քաղաքականացմանը, այն գործիքի վերածելուն և որպես զենք կիրառելուն», - նշվում է փաստաթղթում:
Չինաստանը պնդում է, որ պետք է համատեղ ջանքերով նվազեցնել ճգնաժամի կողմնակի ազդեցությունները, հակազդել էներգետիկայի, ֆինանսների, պարենի և առևտրի ոլորտներում միջազգային համագործակցության խոչընդոտներին, որոնք վնաս են հասցնում համաշխարհային տնտեսական վերականգնմանը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։